Խաղաղութեան պայմանագրի նախագիծին մէջ կայ ե՛ւ առաջընթաց, ե՛ւ հիմնարար խնդիրներ․ Փաշինեան

Ատրպէյճանը երկու-երեք օր առաջ պատասխանած է Հայաստանի՝ խաղաղութեան պայմանագրի նախագիծի առաջարկներուն, որ ե՛ւ առաջընթաց է, ե՛ւ իր հետ բերած է հիմնարար խնդիրներ։ այդ մասին յայտարարած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը 14 մարտին հրաւիրած ասուլիսին։
Ան թուարկած է հայկական կողմի ընկալումները ատրպէյճանական առաջարկներու վերաբերեալ. «Ադրբեջանը փորձում է խաղաղութեան հաստատման հնարաւոր պայմանագրի միջոցով Հայաստանին տարածքային պահանջներ ու նկրտումներ ձեւակերպել, ինչը հասկանալիօրէն կարմիր գիծ է մեզ համար։ Այդ տեքստի (բնագրի) առաջարկներով Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կամ ցեղասպանութեան մանդատ ստանալ՝ այդ թուում ՀՀ ստորագրութեամբ։ Դա բնականաբար նոյնպէս կարմիր գիծ է»,- յայտարարած է Փաշինեան։ Վերջինիս խօսքով՝ Ատրպէյճանը կը հետապնդէ գիծ մը, որով խաղաղութեան հնարաւոր պայմանագրի կատարման երաշխիքներու համակարգ չըլլայ, որ նոյնպէս կարմիր գիծ է Հայաստանի համար։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հնարաւորութիւններու մասին հարցին՝ Փաշինեան յայտարարած է՝ այդ բովանդակութեամբ խօսակցութիւն պիտի կայանայ Ստեփանակերտի ու Պաքուի մեջ. «Պրոցեսները (գործընթացները) մեզ բերում են եզրակացութեան, որ առանց միջազգային երաշխիքների ու մեխանիզմների առաջ գնալ հնարաւոր չի լինի։
Միւնխենում Ադրբեջանի նախագահն ասաց՝ կայ պայմանաւորուածութիւն, որ պիտի քննարկուի Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների երաշխիքների հարցը։ Սա ինքն է յայտարարել, որից յետոյ տեղի են ունեցել հանդիպումներ, այդ հանդիպումներից յետոյ հանկարծ պարզուեց, որ Ադրբեջանը առաջարկում է քննարկել ինտեգրացիայի (համարկման) հարց, ահա այսպէս բառամթերքը մի ամսուայ մէջ փոխուեց, խնդիրը բովանդակութիւնն ու պայմանաւորուածութիւնն է ու դա չպահելու Ադրբեջանի գործելակերպը»,- նշած է Փաշինեան։