Կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսքի շրջանակէն ներս բանակցային լիարժէք գործընթացը վերականգնուի. Վարչապետը հանդիպած է Արցախի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինեան 3 նոյեմբերին հանդիպում ունեցաւ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ:
Այս մասին կը յայտնեն ՀՀ կառավարութենէն, մանրամասնելով, որ Նիկոլ Փաշինեանն իր խօսքին մէջ նշեր է.
«Արցախի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ, ողջունում եմ Ձեզ եւ ուրախ եմ տեսնել Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքում:
44-օրեայ պատերազմի աւարտի առաջին տարելիցն է լրանում: Ի հարկէ, այս ընթացքում էլ այդ աշխատանքը երբեք չի դադարել, բայց տարելիցի կապակցութեամբ նաեւ այս ընթացքում մեր կատարած աշխատանքը վերլուծելը եւ իրադրութիւնը գնահատելը, կարծում եմ, կարեւոր է: Եւ այսօր մեր հանդիպման ընթացքում մենք այդ հարցերը կը քննարկենք:
Կարեւոր է արձանագրել, որ այս ընթացքում Արցախի կառավարութեանը՝ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հետ, յաջողուել է Արցախում բնականոն կեանքի վերականգնման ուղղութեամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Ի հարկէ, մենք չենք համարում, թէ այն, ինչ արուած է, գոհացուցիչ է, եւ մենք, բնականաբար, պէտք է շարունակենք աշխատանքն այդ ուղղութեամբ՝ զուտ աջակցութեան ծրագրերը, ինչպէս բազմիցս խօսել ենք, փոխարինելով զարգացման ծրագրերով:
Ի հարկէ, կարեւոր է նաեւ, որպէսզի մենք, եւ դա անում ենք նաեւ աշխատանքային մակարդակում, քննարկումներ ունենանք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման մեր հետագայ տեսլականի վերաբերեալ: Մենք կարեւոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան շրջանակում բանակցային լիարժէք գործընթացը վերականգնուի, որտեղ, ինչպէս նաեւ համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, յայտնի սկզբունքների հիման վրայ, այդ թուում՝ ազգերի ինքնորոշման իրաւունքի տեղի ունենայ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը՝ վերջնական եւ համապարփակ եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը:
Այս բոլոր հարցերը մշտապէս մեր աշխատանքային միացեալ օրակարգում են, եւ այսօր նոյնպէս մենք այդ թեմաներով առաւել մանրամասն քննարկումներ կ'ունենանք: Կրկին ողջունում եմ եւ ուրախ եմ Ձեզ տեսնել»:
Արայիկ Յարութիւնեանն իր հերթին նշած է.
«Մեծարգոյ պարոն վարչապետ, նախ շնորհակալութիւն հանդիպման կապակցութեամբ: Իրականում արդէն մէկ տարի է անցել, եւ ի՞նչ է յաջողուել մեզ անել, ի՞նչ արձանագրել: Նախ այն, որ Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղուել, եւ Արցախի ինքնորոշման իրաւունքը՝ որպէս գլխաւոր քաղաքական լուծման ուղղութիւն մենք շարունակում ենք պահպանել, եւ միջազգային խաղացողները, այդ թուում՝ ԵԱՀԿ Մինսքի խումբը շարունակում է որպէս միջնորդ լինել, եւ օրակարգում Ղարաբաղեան խնդրի լուծման առումով հիմքում դրուած է նաեւ ազգերի ինքնորոշման իրաւունքը:
Երկրորդը՝ ուզում եմ նշել, որ արդէն լայնածաւալ աշխատանքների արդիւնքում առաջին պտուղներն ենք քաղում, եւ ընդամէնը օրերի ընթացքում՝ մինչեւ տարեվերջ, առնուազն 300 բնակարան միայն Ստեփանակերտ քաղաքում կը յանձնենք շահագործման: Նորակառոյց բնակարանների մասին է խօսքը: Ի հարկէ, մի մասը մինչ պատերազմը սկսուած շինարարութիւնն է, բայց մեզ յաջողուել է, դրանից բացի, հազարաւոր բնակարանների հիմքեր դնել այսօր, եւ մինչեւ եկող տարուայ վերջ առնուազն 2500-3000 բնակարան աւարտած կը լինենք: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարութեան կողմից Արցախին տրամադրուող գումարների շրջանակում - ի հարկէ, գումարները ոչ միայն շինարարութեան համար են տրուում, այլեւ Արցախի բնականոն կեանքը, սոցիալական ծրագրերն իրականացնելու համար - եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակած գումարներով՝ տարբեր ծրագրերի, բնակարանաշինութեան եւ ենթակառուցուածքային ծրագրերի իրականացման ուղղութեամբ: Այսինքն՝ առաջին 300 ընտանիքը մինչեւ այս տարեվերջ, մինչեւ Նոր տարի, կ'ունենայ իր օճախը, եւ դա ամենակարեւորն է Արցախի ժողովրդագրական խնդիրը լուծելու առումով:
Ուզում եմ նաեւ շնորհակալութիւն յայտնել, որ Հայաստանի՝ 2022 թուականի պետական պիւտճէում արտացոլուել է բաւական մեծ գումար, որը թոյլ է տալու Արցախի կողմից վերականգնուող տնտեսութեան հաշիւ մուտքագրուած գումարներով եւս միասին լուծել բոլոր խնդիրները: Կարճ ժամանակահատուածում՝ 2-3 տարուան ընթացքում, համոզուած եմ, ամբողջութեամբ կը լուծենք բնակարանային եւ անհրաժեշտ մնացած ենթակառուցուածքային եւ սոցիալական խնդիրները:
Ուզում եմ նշել, որ բաւական ակտիւ համագործակցում են Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան տարբեր կառոյցները, օպերատիւ արձագանգում են մեր բոլոր հարցերին: Բարձրացուած ցանկացած խնդիր՝ սոցիալական, ենթակառուցուածքային, թէ այլ, լուծում է ստանում, եւ այսօր այն բնական կեանքը, որ Արցախում կայ, հիմնականում պայմանաւորուած է Հայաստանի կառավարութեան կողմից գումարների յատկացմամբ եւ այն ուշադրութեամբ, ամենօրեայ աշխատանքով, որը տեղի է ունենում»: