Հերթական ապացոյցները Ատրպէյճանի մէջ հայատեացութեան պետական քաղաքականութեան վերաբերեալ. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը հերթական ապացոյցները ներկայացուցած է Ատրպէյճանի մէջ հայատեացութեան պետական քաղաքականութեան ու հայերու նկատմամբ էթնիք հիմքով թշնամանքի խորքային արմատներու վերաբերեալ: Ան իր դիմատետրեան էջին գրած է.
«Հերթական ապացոյցները Ատրպէյճանում հայատեացութեան պետական քաղաքականութեան ու հայերի նկատմամբ էթնիք հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերեալ:
Ատրպէյճանի նախագահի պաշտօնական ուղեձները Հայաստանի ու հայերի մասին՝
1) մենք շարունակելու ենք վռնտել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանայ.
2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականութիւն.
3) նրանք նոյնիսկ ուղեղ չունեն.
4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը եւ մասնաւորապէս` Ֆիզուլին [Վարանդան]) եղել է վայրի հրէշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շաքալների ձեռքում.
5)Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրութիւնն են եւ վկայում են հայկական ֆաշիզմի մասին:
6) կարծես վայրի ցեղ էր տիրել քաղաքին.
7) մենք պէտք է տանենք աւելի ուժեղ պայքար Հայաստանի դէմ ու աւելացնենք պայքարի կշիռը: Մենք այն մեկուսացրել ենք միջազգային եւ տարածաշրջանային բոլոր ծրագրերից:
Այս նոյն բառերն են օգտագործում նաեւ ատրպէյճանական զինուորականները հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանութեան, նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու տեսանիւթերում:
Մանրամասներն արտացոլուած են Հայաստանի ու Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկոյցում, որ վերաբերում է Ատրպէյճանում էթնիք հայերի նկատմամբ կազմակերպուած ատելութեան խօսքին եւ թշնամանքին` որպէս պատերազմի ընթացքում ատրպէյճանական զինուած ուժերի կողմից էթնիք պատկանելիութեան հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ»: