ՀՀ նախագահը հանդիպման հրաւիրած է վարչապետը, խորհրդարանական խմբակցութիւնները եւ Հայրենիքի փրկութեան շարժման ղեկավարները

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը երկրին մէջ ստեղծուած ներքաղաքական իրավիճակի քննարկման եւ ճգնաժամը յաղթահարելուն ուղղուած փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետը, խորհրդարանական խմբակցութիւններու ղեկավարները եւ Հայրենիքի փրկութեան շարժման ղեկավարները 13 մարտին, ժամը 12:00-ին հրաւիրած է հանդիպման, նախագահական նստավայրին մէջ:
Ինչպէս կը տեղեկացնեն ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն, ՀՀ նախագահի յայտարարութեան մէջ ըսուած է.
«Երկրում շարունակւում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարուած, ինչը կարող է անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետութեան եւ պետականութեան համար:
Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաեւ հրատապ եւ համակարգային փոփոխութիւններ, այդ թուում՝ սահմանադրական եւ օրէնսդրական:
Թէ՛ իշխանութիւնը, թէ՛ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտայայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը եւ միմեանց ընդառաջ գնալու ցանկութիւնը: Աւելին, յաճախակի են դարձել անհանդուրժողականութեան կոչերը:
Ստեղծուած պայմաններում իմ միակ նպատակը եղել եւ մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը եւ կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է յանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:
Պետութեան եւ ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլեւս անյետաձգելի եւ հրամայական պահանջ է:
Առաջնորդուելով համապետական ու համազգային շահերով՝ առկայ իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը յաղթահարելուն ուղղուած փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետութեան վարչապետին, խորհրդարանական խմբակցութիւնների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկութեան շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրաւիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:
Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնութիւնների կարգաւորման միակ ուղին բանակցութիւններն ու երկխօսութիւնն են, իսկ Հայաստանի եւ Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս եւ իւրաքանչիւրիս ջանքերի ու հնարաւորութիւնների համախմբումը:
***
Յ.Գ. Հանրապետութեան նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչեւ ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրաւիրեալներից արձագանգ ստանալ հանդիպման մասնակցութեան վերաբերեալ»: