ՀՀ նախկին իշխանութիւնները միակողմանի զիջումներու առաջարկ չեն ըրած. Բակօ Սահակեան

Արցախի հանրապետութեան նախկին նախագահ Բակօ Սահակեանը Tert.am-ի հետ զրոյցի ժամանակ անդրադարձած է Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան իշխանութիւններու միջեւ յարաբերութիւններուն ու Արցախի հարցին այդ ծորէն ներս:
-Պարո՛ն Նախագահ, 2020 թուականի պատերազմից յետոյ շատ է խօսւում այն մասին, որ յատկապէս 2016 թուականի ապրիլեան պատերազմից յետոյ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ քննարկումներ են եղել ղարաբաղեան գործընթացի հնարաւոր սենարների եւ դրանց լուծումների շուրջ։ Ինչի՞ շուրջ են եղել այդ քննարկումները։
Հայաստանի իշխանութիւնների հետ տարբեր ժամանակաշրջաններում քննարկել ենք Արցախի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ ամենատարբեր հարցեր։ 2016 թուականի ապրիլեան մարտական գործողութիւններից յետոյ մեծ ջանքեր են գործադրուել արտաքին քաղաքականութեան, անվտանգութեան ուղղութիւններում՝ Արցախի շահերն առաջ մղելու, բանակցային գործընթացում ճիշդ դիրքաւորում ապահովելու, ռազմական գործողութիւնների վերսկսումը թոյլ չտալու եւ յետպատերազմեան գործողութիւնների վերականգնողական շրջանից յետոյ, Արցախը զարգացման եւ անվտանգութեան ամրապնդման նոր փուլ մտցնելու համար։
-Պարոն Նախագահ, իսկ արդեօք բանակցային գործընթացում եղե՞լ է որեւէ սենար, որը Հայաստանի նախկին իշխանութիւնը պարտադրել է Արցախի իշխանութիւններին: Ուղիղ հարցնեմ՝ արդեօ՞ք Հայաստանի նախկին իշխանութիւնները Արցախին պարտադրել են միակողմանի զիջումներ, մասնաւորապէս, խօսքը տարածքային զիջումների մասին է։
Միանգամից նշեմ՝ ոչ։ Հայաստանի նախկին իշխանութիւնները միակողմանի զիջումների (տարածքային) առաջարկ չեն արել, նման բան չի քննարկուել։
Մեր համագործակցութիւնն ու երկխօսութիւնը Հայաստանի ղեկավարների հետ եղել է ազնիւ, շիտակ, կառուցողական եւ ցանկացած քննարկում եղել է փոխադարձ յարգանքի ու վստահութեան մթնոլորտում։
Ինչպէս Ապրիլեան մարտական գործողութիւններից յետոյ, այնպէս էլ դրանից առաջ, Հայաստանի ղեկավարութիւնը մշտապէս մեզ հետ կիսուել է բանակցային գործընթացի տարբեր հարցերի շուրջ, սակայն դրանք ոչ թէ պարտադրման, այլ մեզ տեղեկացնելու, մեր հետ քննարկելու, մեր տեսակէտը լսելու նպատակ են ունեցել։