ՀՀ վարչապետը ներկայացուցած է 10 նոյեմբերի եռակողմ յայտարարութեան հետագայ իրագործման առաջնահերթութիւնները

2021-01-08
Image

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը ներկայացուցած է 10 նոյեմբերի եռակողմ յայտարարութեան հետագայ իրագործման Հայաստանի առաջնահերթութիւնը: ՀՀ վարչապետը գրառում կատարած է դիմատետրի իր էջին, որ կը ներկայացնենք ստորեւ.

«Նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան հետագայ իրագործման մեր առաջնահերթութիւնը հետեւեալն է.

  1. Յայտարարութեան 8-րդ կէտի լիարժէք իրագործում. ըստ այդմ պէտք է տեղի ունենայ գերիների, պատանդների եւ այլ պահուող անձանց, ինչպէս նաեւ մարմինների լիարժէք փոխանակում: Մեզ համար կարեւոր է նաեւ տեղի ունեցած ռազմական գործողութիւնների գօտում ծաւալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:
  2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ փոխադրային ենթակառուցուածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպէս Հայաստանի կողմից Ատրպէյճանի տարածքով բեռնափոխադրումներ եւ փոխադրային հաղորդակցութիւն դէպի Ռուսաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւն, այնպէս էլ Ատրպէյճանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ եւ փոխադրային հաղորդակցութիւն՝ դէպի Նախիջեւան:

Կրկին ուշադրութիւն եմ հրաւիրում այն փաստի վրայ, որ նոյեմբերի 10-ի յայտարարութեան մէջ չկայ ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչութեամբ «միջանցք» արտայայտութիւն:

Հայաստանից դէպի Ռուսաստան եւ Ատրպէյճանից դէպի Նախիջեւան հաղորդակցութեան երթուղիների ընտրութիւնը առանձին քննարկման թեմայ է, որի արդիւնաւէտութեան կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահուող անձանց, զոհուածների մարմինների փոխանակման, ինչպէս նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծաւալների եւ արդիւնաւէտութեան բարձրացումը»: