ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի ուղերձը

2021-06-07
Image

Նիկոլ Փաշինեանը դիմատետրեան իր էջին ՀՀ քաղաքացիներուն ուղղուած ուղերձ հրապարակած է, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ.

 

«Բարե՛ւ՛, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի:

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկեալ, 2012-18թթ. ԱԺ պատգամաւոր, 2017-18 թուականներին ԱԺ «Ելք» խմբակցութեան ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտօնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանը:

Ուզում եմ չյանձնուես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թէ դու սխալուել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետութեան մէջ: Քեզ փորձում են համոզել, թէ ժամանակը հակառակը ցոյց տուեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:

Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտութիւնն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք յանուն հայրենիքի, եւ արդիւնքում պարզուեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում:

Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդէն նմանուում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիւների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժուարութեամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիւ զոհերով, անտանելի ցաւերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:

Ու հիմա դու ընտրութեան առաջ ես՝ ենթարկուե՞լ ժամանակին, թէ՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետեւ այն ժամանակը, որ քեզ ենթակայ չէր երէկ, մեր այսօրուայ կորուստների առանցքային պատճառն է: Այսօրուայ մեր դառնութիւնը կուտակուել է երէկ:

Յիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով եւ քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագայ չկայ»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրայ հասաւ ամենամեծ աղէտն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագայ չկայ:

Բայց այսօրը ապագայ էր երէկ: Իսկ վաղն ապագայ է այսօր, ու այն պիտի գայ, եթէ դու որոշես, որ այն կա՛յ, որովհետեւ ցաւից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու եւ ապագան ամենօրեայ աշխատանք դարձնելու կարողութիւնդ:

Բարե՛ւ, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի:

Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագայ կայ: Կա՛յ ապագայ, ու այն արարելու ենք այսօր:

Քո՝ Նիկոլ»,- գրած է Փաշինեանը: