Մեղրիի բնակիչներու ջուրի իրաւունքը լրջօրէն կը խախտուի ատրպէյճանական զինուած ուժերու դիտաւորեալ արարքներով. ՄԻՊ

2021-02-04
Image

Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը դիմատետրի իր էջին գրած է.

 

«ՀՀ Սիւնիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնօրէն երաշխաւորուած իրաւունքը շարունակաբար լրջօրէն խախտւում է ատրպէյճանական զինուած ուժերի դիտաւորեալ արարքներով:

Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրոյթի ու անհանգստութեան ահազանգեր այն մասին, որ աւելի քան 5 տարի առաջ ադտրպէյճանական զինուած ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զուարագետ» վտակի սարերից սնուցուող հունը դէպի Նախիջեւան (Օրդուբադի շրջան): Արդիւնքում, ստացուել է այնպէս, որ Սիւնքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, ինչպէս նաեւ Նռնաձոր, Շուանիձոր, Ալվանք գիւղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապուած խմելու եւ ոռոգման ջրի հասանելիութեան հետ: Այս բնակավայրերում Մեղրի համայնքի բնակչութեան մեծամասնութիւնն է:

Պաշտպանին խնդրի առնչութեամբ անհրաժեշտ տեղեկութիւններ է ներկայացնել նաեւ Մեղրի համայնքի ղեկավարը, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանի գլխաւորած պատուիրակութիւնն այդ ահազանգերը ստացել է Մեղրի համայնք 2021թ. յունուար ամսին կատարած այցի ընթացքում:

Հարցն այն է, որ Մեղրի համայնքի բնակավայրերի խմելու եւ ոռոգման ջուրը մշտապէս ապահովուել է «Մեղրի» գետի հաշուոյն: «Զուարագետ» կամ «Այրիջուր» վտակը սկիզբ է առնում ծովի մակերեւոյթից մօտ 3,500մ. բարձրութիւնից՝ Զանգեզուրի լեռների հարաւարեւելեան լանջերից ու յետոյ միանում է «Մեղրի» մայր գետին: Ձնհալների շնորիւ իւրաքանչիւր տարուայ մօտ օգոստոս ամսից սկսած Զուարագետը դառնում է ջրառատ, որի շնորհիւ էլ մշտապէս ապահովուել է խմելու եւ ոռոգման ջրի լիարժէք մատակարարումը Մեղրի համայնքի նշուած բնակավայրերի համար: Առանց դրա «Մեղրի» գետն ապահովում է միայն իւրաքանչիւր տարուայ սկզբից մինչեւ յունիս-յուլիս ամիսների ջրամատակարարումը ու յետոյ «Մեղրի» դառնում է խիստ սակաւաջուր, իսկ Մեղրի քաղաքի հատուածում գետն առհասարակ ցամաքում է: Այս կերպ նաեւ լուրջ վնասներ են պատճառուել արդէն Մեղրի համայնքի շրջակայ միջավայրին:

Բնակիչները եւ Մեղրի համայնքի ղեկավարը Մարդու իրաւունքների պաշտպանին տեղեկացրել են, որ ատրպէյճանական զինուորականները իւրաքանչիւր ամիս յատուկ ճարտարապետական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով փոխում են վտակի հունը դէպի Նախիջեւան:

Այսինքն՝ ատրպէյճանական զինուած ուժերի այս դիտաւորեալ գործողութիւնների արդիւնքում լուրջ խնդիրներ են առաջ գալիս իւրաքանչիւր տարի օգոստոս ամսից սկսած Մեղրի եւ Ագարակ քաղաքների, Նռնաձոր, Շուանիձոր, Ալվանք գիւղերի բնակիչների համար՝ կապուած՝ խմելու եւ ոռոգման ջրի հասանելիութեան հետ:

Ընդ որում, այս ամէնն արւում է մարդկանց կեանքի համար իրական վտանգաւոր ուժի սպառնալիքով, քանի որ «Մեղրի» գետի «Զուարագետ» վտակի առաջացման հատուածը գտնւում է ատրպէյճանական զինուորականների ուղիղ նշանառութեան տակ ու հսկւում է նրանց կողմից:

Ատրպէյճանական զինուած ուժերի ու որ նոյնն է՝ իշխանութեան մարմինների այս արարքներով կոպտօրէն խախտւում է միջազգային բացարձակ արգելքներով երաշխաւորուած Հայաստանի Մեղրի համայնքի բնակիչների համար կենսական կարեւորութիւն ունեցող, այն է՝ ջրի իրաւունքը:

Ջրի իրաւունքը երաշխաւորուած է միջազգայնօրէն: Այս իրաւունքը ներառում է մարդու իրաւունքն ունենալու բաւարար եւ շարունակական ջուր թէ՛ խմելու, թէ՛ կենցաղային նպատակների (ոռոգման, մաքրութեան եւ այլն) համար: Ընդ որում, պէտք է լինի ջրից օգտուելու անվտանգ հնարաւորութիւն ու լիարժէք հասանելիութիւն: Այս իրաւունքն ունի բացառիկ արժէք ու ընկած է մարդու կեանքի, առողջութեան պահպանման, արժանապատւութեան ու մասնաւոր կեանքի եւ  կենսական կարեւորութեան միւս իրաւունքների հիմքում:

Այս իրաւունքն այնքան հիմնարար է, որ Միաւորուած ազգերի կազմակերպութիւնը ջրի եւ առողջապահութեան իրաւունքը հռչակել է համաշխարհային կայուն զարգացման նպատակ՝ հաշուի առնելով ջրի հիմնարար, անփոխարինելի նշանակութիւնը մարդու զարգացման ու կեանքի կազմակերպման համար: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարն այս իրաւունքը բնորոշել է՝ որպէս հազարամեակի զարգացման նպատակ:

Ատրպէյճանի զինուած ուժերի նկարագրուած արարքները կոպտօրէն խախտում են նաեւ «Անդրսահմանային ջրաահոսքերի եւ միջազգային լճերի օգտագործման եւ պահպանութեան» մասին 1992 թուականի մարտի 17-ին Հելսինքիում ընդունուած համաձայնագիրը եւ այլ միջազգային փաստաթուղթեր:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփւում են Հայաստանի բնակիչների միջազգայնօրէն բացարձակ երաշխաւորուած իրաւունքը ատրպէյճանական զինուած ուժերի կողմից շարունակաբար լրջօրէն խախտելու առնչութեամբ վերլուծութիւններն ու գնահատականները, որոնք կ'ուղարկուեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացուած կառոյցներին, ինչպէս նաեւ ՀՀ իրաւասու մարմիններին»: