Պաքուի մէջ արցախեան պատերազմին նուիրուած «պուրակ» բացուած է՝ պետական աջակցութեամբ

2021-04-13
Image

12 ապրիլի 2021-ին Պաքուի մէջ բացուած է 2020 թուականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներու պատերազմին վերաբերող այսպէս կոչուած «ցուցահանդէս-պուրակ»: Այս մասին գրած է  Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպանի գրասենեակը՝ նշելով, որ Պաքուի մէջ արցախեան պատերազմին նուիրուած այսպէս կոչուած «պուրակը» պետական աջակցութեամբ հայատեացութեան ու ատրպէյճանական ցեղասպան քաղաքականութեան ապացոյց է:

««Պուրակում» հայկական զինուորական թեխնիքայի հետ միասին ցուցադրուած են հայկական զինուած ուժերի ծառայողների կերպարներ (մանեքաններ), որոնք բոլորն էլ ներկայացուած են արժանապատուութիւնը ոտնահարող, նուաստացուցիչ վիճակում: Դա արուած է հնարաւորինս լայն հրապարակայնութիւն ապահովելով:

«Պուրակի» հրապարակուած տեսանիւթերից ու լուսանկարներից ակնյայտ է, որ ցուցադրութիւնն արուած է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելութիւնն ու թշնամանքն աւելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրութիւններն արուած են ցինիզմով՝ հրապարակայնօրէն նսեմացնելու համար պատերազմում զոհուածների յիշատակը, անյայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրաւունքներն ու արժանապատուութիւնը:

Նոյն ցինիզմով ցուցադրուած են Հայաստանի ու Արցախի զինուորների անձնական իրերը, իսկ զոհուած զինուորականների սաղաւարտների ցուցադրումն արուած է՝ ակնյայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանեան ու արցախեան հասարակութեանը, կեներացնելու է նոր ատելութիւն ատրպէյճանական հասարակութիւնում:

Ատրպէյճանական իշխանութիւնները բացուած «պուրակում» ցուցադրել են նաեւ հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը յատկապէս դատապարտելի է այն ֆոնին, որ Ատրպէյճանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրաւունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահուել գերիներ՝ զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք:

Ատրպէյճանական իշխանութիւնների համար ակնյայտ է, որ այս զգայուն հարցը պատճառելու էր հոգեկան ցաւ ու տառապանք անյայտ կորածների ու գերիների ընտանիքների ու հայ հասարակութեանն, առհասարակ:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրուել են այս բովանդակութեամբ բազմաթիւ բողոքներ ու ահազանգեր, ինչպէս նաեւ արձանագրուել են ահազանգող հրապարակումներ ընկերային ցանցերում:

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդէսի վերաբերեալ ատրպէյճանական ընկերային ցանցերի գրառումներ (մենք այդ ապացոյցներն առանձին կը հրապարակենք), որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ատրպէյճանի նախագահի նախաձեռնութիւնը, իսկ մեկնաբանութիւնները վկայում են ակնյայտ հայատեացութեան ու թշնամանքի մասին:

Նման «պուրակի» բացումն ակնյայտ հաստատում է Ատրպէյճանում համակարգային հայատեացութեան եւ թշնամանքի քարոզի պետական քաղաքականութեան առկայութեան փաստը: Այդ քաղաքականութիւնը հետեւողականօրէն իրականացուում է տարիներ շարունակ եւ հաստատուում յստակ ապացոյցներով։

Այդ քաղաքականութեան հետեւանք են այն դաժանութիւններն ու խոշտանգումները, սպանութիւնները, որոնք ատրպէյճանական զինուած ուժերի ծառայողները հայկական կողմի զինուորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կատարել են թէ՛ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, թէ՛ 2016թ. ապրիլեան պատերազմական գործողութիւնների, թէ՛ ատրպէյճանական այլ զինուած յարձակումների ժամանակ:

Պետական հովանաւորչութեամբ թշնամանքն էր պատճառը, որ ատրպէյճանական զինուորականները դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հայկական կողմի զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց՝ գործելով բաց դէմքերով, բացառիկ ցինիզմով՝ առանց անգամ մտածելու պատասխանատուութեան մասին եւ վստահ լինելով, որ դրա համար նրանք միայն գովասանքի են արժանանալու:

Ուստի, 2020 թուականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նուիրուած «պուրակի» ցուցադրութիւններն ակնյայտօրէն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչութեան նկատմամբ ատրպէյճանական ցեղասպան քաղաքականութիւնը:

Այս բացարձակ արատաւոր երեւոյթը եւս մէկ անգամ վկայում է, որ մենք չպէտք է թոյլ տանք, որպէսզի մեզ թմրեցնեն ատրպէյճանական կեղծ խաղաղասիրութեամբ. դա պարզապէս շղարշ է, որ նախատեսուած է միջազգային հանրութեան համար:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի այս յայտարարութիւնը կ'ուղարկուի միջազգային կառոյցներին՝ յատուկ նշումով այն մասին, որ ատրպէյճանական բարձրագոյն իշխանութիւնների հենց այս քայլերն են, որ յանգեցնում են խոշտանգումների, դաժանութիւնների եւ բացարձակ խաթարում են խաղաղութիւնն ու համերաշխութիւնը տարածաշրջանում»,- նշուած է յայտարարութեան մէջ: