Պէտք է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտութեան վերջնական կարգաւորման հասնելու նպատակով. Փաշինեանը՝ Լաւրովին

2021-05-07
Image

Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանն այսօր ընդունած է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովը եւ անոր գլխաւորած պատուիրակութիւնը:

 

Ողջունելով հիւրերը՝ Նիկոլ Փաշինեանը նշած է.

«Յարգելի Սերկէյ Վիքթորի,

Յարգելի գործընկերներ,

ուրախ եմ ձեզ հետ հանդիպման եւ Հայաստանի կառավարութիւնում ձեզ ողջունելու հնարաւորութեան համար:

Մեր երկրների միջեւ փոխյարաբերութիւնները դաշնակցային բնոյթ են կրում եւ կառուցուում են ռազմավարական գործընկերութեան սկզբունքի եւ մեր ժողովուրդների եղբայրական յարաբերութիւնների վրայ: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսներին մեր յարաբերութիւններն էլ աւելի են ամրապնդուել՝ հերթական անգամ անցնելով ամրութեան փորձութիւնը:

Դժուար պահին Ռուսաստանի Դաշնութիւնը մեզ օգնութեան ձեռք մեկնեց եւ օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի եւ Ղարաբաղի դէմ ակրեսիայի հետեւանքով: Ռուսաստանի Դաշնութեան ջանքերի շնորհիւ յաջողուեց կանգնեցնել պատերազմական գործողութիւնները եւ հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարուածութեան էական նուազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանեան խաղաղապահների ներկայութիւնը Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան ամուր երաշխիք է հանդիսանում:

Առանձնայատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնութեան նախագահի՝ Վլատիմիր Վլատիմիրի Փութինի դերը տարածաշրջանում խաղաղութեան ձեռքբերման հարցում, ինչպէս նաեւ նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեութեան համար պայմանների ստեղծման ուղղութեամբ:

Այս առումով կը ցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ եւս կը շարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղուած այն պայմանաւորուածութիւնների կեանքի կոչմանը, որոնք ձեռք են բերուել 2020 թուականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թուականի յունուարի 11-ի եռակողմ յայտարարութիւններով:

Պատրաստ ենք նաեւ առաւելագոյն ջանքեր գործադրել՝ կողմերի միջեւ, եռակողմ ձեւաչափով, կառուցողական երկխօսութիւն ապահովելու համար:

Սակայն պէտք է նշեմ, որ Ատրպէյճանի գործողութիւնները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխօսութեան առաջընթացին: Պաքուի գործողութիւնները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է յայտնում եւ հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրօնական ժառանգութիւնը, հակառակը, ուղղուած են տարածաշրջանում իրավիճակի լարմանը եւ պայմանաւորուածութիւնների տապալմանը:

Այս համատեքստում կը ցանկանայի գոհունակութեամբ նշել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների գործողութիւնները, որի վերջին յայտարարութիւնը, ըստ էութեան, արձագանգ է Ատրպէյճանի ապակառուցողական դիրքորոշմանը:

Համանախագահների՝ ապրիլի 13-ի յայտարարութեան մէջ արտայայտուած դիրքորոշումը համահունչ է այսօր առկայ հիմնական խնդիրների առնչութեամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկուած սկզբունքների հիման վրայ:

Յարգելի Սերկէյ Վիքթորի,

եւս մէկ անգամ ողջունում եմ Ձեզ եւ վստահ եմ, որ այսօր մենք կառուցողական եւ արդիւնաւէտ բանակցութիւններ կ'ունենանք»: