Ռուս խաղաղապահները եւս չեն կատարեր եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները. Փաշինեան

2022-12-22
Image

Նախորդ շաբթուընէ Լաչինի միջանցքին մէջ ստեղծուած ճգնաժամը չէ հագուցալուծուած, բացառութեամբ մէկ բանի, վերականգնուած է Լեռնային Ղարաբաղի կազի մատակարարումը: Այս մասին, այսօր՝ 22 դեկտեմբերին, կառավարութեան նիստին յայտարարած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Ատրպէյճանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար (մարդասիրական) իրադրութիւնը մնում է ծայրայեղ լարուած, հարիւրաւոր ընտանիքներ շարունակում են կիսուած մնալ՝ ակամայ յայտնուելով շրջափակման տարբեր կողմերում: ԼՂ-ում առաջին անհրաժեշտութեան մի շարք ապրանքների, այդ թուում պարէնի դեֆիցիտ (պակաս) է նկատւում: Լաչինի միջանցքը փակելու Ատրպէյճանի գործողութիւններն ապօրինի են եւ  կոպտօրէն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտաւորութիւնները,  մասնաւորապէս նոյեմբերի 9-ի յայտարարութեան դրոյթները:

Յայտարարութեան 6-րդ կէտի համաձայն Լաչինի միջանցքը գտնւում է  ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զօրախմբի վերահսկողութեան ներքոյ եւ Ատրպէյճանը երաշխաւորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային (փոխադրութեան) միջոցների ու բեռների երթեւեկութեան անվտանգութիւնը: Այս դրոյթը, փաստացի այսօր չի իրագործւում:

Դե ֆակտո (փաստացի)  ստացւում է, որ եռակողմ յայտարարութեամբ արձանագրուած պարտաւորութիւնը, այն է՝ վերահսկողութեան տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ Ռուսաստանի խաղաղապահ զօրախումբը: Ի հարկէ, նման բան տեղի է ունենում Ատրպէյճանի ապօրինի գործողութիւնների հետեւանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխւում, որովհետեւ ՌԴ խաղաղապահ զօրախմբի ներկայութեան առանցքային իմաստը հենց դա է՝ թոյլ չտալ, որ նման ապօրինութիւն տեղի ունենայ»,-ըսած է ան: