Վայոց ձորի մէջ ատրպէյճանցիները յափշտակած են 8 միլիոն դրամ վարկով գնուած խոշոր եղջերաւոր կենդանիներու մեծ մասը

2021-08-31
Image

ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գիւղի «Գոգի լեռ» կոչուող տեղանքին մէջ արածող 110 խոշոր եղջերաւոր կենդանիներէն 80-ը մօտեցած են ատրպէյճանական դիրքին, որմէ 75-ը զինծառայողները յափշտակած են ու չեն վերադարձուած: Այս մասին Մարդու իրաւունքներու պաշտպանին ահազանգած է տուժած երկու գիւղացի:

«Դէպքը տեղի է ունեցել Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում:

Նրանք տեղեկացրել են, որ իրենք մօտ 800-900 մ հեռաւորութիւնից նկատել են, թէ ինչպէս են ատրպէյճանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից եւ մօտենում կենդանիներին: Այդ ընթացքում նրանք հեռուից շարունակել են հետեւել ատրպէյճանական զինծառայողների արարքին, որոնցից մէկը մօտ 300 մ առաջացել է եւ ձորակից քշել, բարձրացրել է կենդանիներին, որից յետոյ արդէն երեքով տարել են կենդանիներին:

Ատրպէյճանական զինծառայողները եղել են զինուած, սակայն իրենք վտանգի պատճառով չեն մօտեցել նրանց եւ չեն կարողացել ետ վերադարձնել կենդանիներին:

Քաղաքացիների տեղեկացմամբ՝ դիմել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարան, համայնքի ղեկավարին, ՀՀ սահմանապահ զօրքերին եւ բանակային կորպուս:

Մարզպետարանից այցելել են եւ արձանագրել կատարուածը եւ նշել, որ անհրաժեշտ է կենդանիների վերաբերեալ պանքի (դրամամտունի) եւ համայնքից տեղեկանքներ ներկայացնել:

Տուժած քաղաքացիների պնդմամբ՝ խոշոր եղջերաւոր կենդանիներն իրենք ձեռք են բերել գիւղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մօտ 8 մլն ՀՀ դրամ եւ չգիտեն, թէ ի՞նչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը:

Մեր պետութիւնը պէտք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարաւորութիւն կը տան ատրպէյճանական իշխանութիւններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար:

Մենք, ի հարկէ, ինչպէս սահմանուած կարգն է նախատեսում, գրութիւններ կը հասցէագրենք Կառավարութիւն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը, այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապուած դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի:

Հ․Գ․ 80 եղջերաւոր կենդանիներին ետ վերադարձնելու համար քաղաքացիները հետաքրքիր քայլ են մտածել․ սահմանին են մօտեցրել նորածին հորթերի, որոնց արձակած ձայների արդիւնքում բնազդով հետ են վերադարձել 5 խոշոր եղջերաւոր կենդանի»,- յայտնած է ՄԻՊ-ը։