Վստահ եմ` որեւէ դժուարութիւն չի կրնար ընկճել ձեզ. ՀՀ վարչապետը շնորհաւորած է Մայրութեան տօնը

2021-04-07

Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական ուղերձ յղած է Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, որուն մէջ ըսուած է․

«Սիրելի մայրեր, դուստրեր, քոյրեր,

Սիրելի կանայք,

Սրտանց շնորհաւորում եմ ձեզ Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ:

Արդէն երկու տարի անընդմէջ այս տօնը մենք անցկացնում ենք բարդ ժամանակաշրջանում. նախ համավարակը, ապա նաեւ Արցախի դէմ սանձազերծուած պատերազմը բոլորիս պահեցին տագնապի եւ ցաւի մէջ: Այս ծանր ժամանակաշրջանում դուք ձեր ուժով եւ զօրութեամբ կարողանում էք գօտեպնդել ձեր ընտանիքներին, մտերիմներին, միմեանց, ինքներդ էլ մնալ ամուր` ձեր ուսերին կրելով ծառացած խնդիրների ու դժուարութիւնների ծանր բեռը՝ տանը, ռազմի դաշտում, բուժհաստատութիւնում, ուսումնական հաստատութիւնում, աշխատանքային եւ հանրային ցանկացած ոլորտում, որտեղ գործունէութիւն էք ծաւալում։

Սիրելի մայրեր,

խոնարհւում եմ ձեր առաջ՝ այն դաստիարակութեան եւ կրթութեան համար, որ դուք տալիս էք ձեր զաւակներին` մեր երկրի արժանի քաղաքացիներին։ Խոնարհումի առանձնակի խօսքեր եմ յղում Արցախեան պատերազմներում նահատակուած մեր եղբայրների մայրերին, կանանց, քոյրերին ու դուստրերին:

Հասկանում եմ, որ ոչինչ չի կարող սփոփել ձեզ, բայց եւ վստահ եմ՝ ուժեղ, ծաղկուն, ինքնավստահ ու զարգացող հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնայ ձեր վէրքերին:

Սփոփանքի խօսքեր եմ յղում մեր գերեվարուած հայրենակիցների մայրերին, կանանց, դուստրերին եւ քոյրերին. մենք ամէն հնարաւորն արել եւ անում ենք՝ մեր եղբայրներին հայրենիք վերադարձնելու համար: Ցաւով եմ յիշում, որ մեր գերեվարուած հայրենակիցների մէջ դեռեւս կին կայ, եւ իմ ցաւը թող ուժ ու կորով դառնայ նրա ու մեր բոլոր գերեվարուած հայրենակիցների համար՝ միասին յաղթահարելու այս փորձութիւնը:

Սիրելի կանայք,

համոզուած եմ, որ միասին՝ ուս ուսի տուած, կը կարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել` աշխատելով յանուն զարգացող, շէնացող ու առաջ նայող Հայաստանի ու Արցախի։

Վստահ եմ` որեւէ դժուարութիւն չի կարող ընկճել ձեզ։  Հայրենիքը շէն ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ տեսնելու մեր ոգին երբեք չի յանձնուի»: