Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումն է, որ պէտք է կանգնեցնէ նոր ոճրագործութիւնները. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ուղերձ յղած է Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակի 106-րդ տարելիցի կապակցութեամբ:
Կը ներկայացնենք ուղերձն ամբողջութեամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր, ինչպէս եւ տասնամեակներ շարունակ, մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի յիշատակը։ Մենք մեր յարգանքի տուրքն ենք մատուցում միլիոն ու կէս նահատակներին, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դարձան Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների յանցաւոր քաղաքականութեան զոհը։
106 տարի առաջ Օսմանեան կայսրութեան երիտթուրքական կառավարութեան ձեռքերով եւ մտայղացմամբ իրականացուեց 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը։ Տեղի ունեցածն այն օրերին մեծ տէրութիւնների կողմից որակուեց որպէս մարդկութեան եւ մարդկային քաղաքակրթութեան դէմ ուղղուած յանցագործութիւն։ Հազարամեակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք յիշել եւ աշխարհին թոյլ չենք տալու մոռանալ, որ 1915 թուականի ապրիլի 24-ին ձերբակալուեց եւ մահուան դատապարտուեց արեւմտահայ մտաւորականութեան սերուցքը։ Գլխատուեց ժողովրդի մտաւոր, հոգեւոր եւ մշակութային վերնախաւը: Հայ ժողովուրդը զրկուեց իր բնօրրանում ապրելու իրաւունքից։ Նա ենթարկուեց զանգուածային կոտորածների եւ դուրս շպրտուեց իր հայրենիքից՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ նախադէպը չունեցող ծաւալի կորուստներ: Գնահատման ենթակայ չէին եւ անվերականգնելի մեր ժողովրդի մշակութային եւ կրօնական ժառանգութեանը հասցուած վնասները։
Մեզ հետ միասին հայրենիքից զրկուեցին նաեւ պոնտոսցի յոյները, ասորիներն ու եզտիները։ Հայերիս համար եղբայրական այդ ժողովուրդները եւս ենթարկուեցին բնաջնջման՝ զրկուելով իրենց հարազատ վայրերում ապրելու իրաւունքից։
Ովքե՞ր էին այդ սարսափելի յանցագործութիւնների մեղաւորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է․ Օսմանեան կայսրութեան երիտթուրքական կառավարութիւնը՝ թուրքիզմի եւ փանթուրքիզմի գաղափարախօսութեամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիք եւ ծաւալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատեացութեան եւ ազգային ու կրօնական փոքրամասնութիւններից ազատուելու գաղափարը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի նացիստական կուսակցութեան ղեկավարմամբ իրականացուեց հրեայ ժողովրդի ցեղասպանութիւնը։ Հոլոքոսթի զոհ դարձաւ վեց միլիոն հրեայ: Պատերազմից յետոյ ոճրագործները կանգնեցին արդարադատութեան առջեւ եւ կրեցին արժանի պատիժ։ Դատապարտուեց նաեւ այն գաղափարախօսութիւնը, որով առաջնորդուում էին ցեղասպանները։ Նացիզմն արդարացիօրէն դրոշմուեց որպէս յանցաւոր գաղափարախօսութիւն, եւ այսօր որեւէ մէկն աշխարհում չի համարձակուում որեւէ բան ասել ի պաշտպանութիւն դրա։
Պատմական հանգամանքների բերումով նույնը, սակայն, տեղի չունեցավ Հայոց ցեղասպանության պարագայում։ Նախ, անցած դարի առաջին կեսին դեռևս մշակված չէին արդարադատության այնպիսի մեխանիզմներ, որոնք պատասխանատվության կկանչեին պետության կողմից կատարված նման ահռելի ոճրագործությունների համար։ Անգամ ցեղասպանություն եզրույթը գոյություն չուներ։
Ավելին, հայ ժողովուրդը զրկված էր իր դատը հետապնդելու հնարավորությունից։ Ցեղասպանությանը հաջորդած առաջին տասնամյակներին Սփյուռքի ձայնը դեռ բավականաչափ լսելի չէր. նա դեռ նոր էր ամոքում իր վերքերը և ոտքի կանգնեցնում ազգային կառույցները։ Իսկ Խորհրդային Հայաստանը մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը առհասարակ զրկված էր հարցին հետամուտ լինելու հնարավորությունից։
Հայկական Սփյուռքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարողացավ լսելի դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տասն-ամյակներին։ Սակայն այդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը երկբևեռ էր, պանթյուրքիզմը համարվում էր պատմական անցյալ։ Հայոց ցեղասպանությունը և այն ծնած գաղափարախոսությունը մնացին անպատիժ։ Իսկ անպատիժ մնացած հանցագործությունները և դրանց սնած գաղափարախոսություններն ունեն կրկնվելու և վերստին ի հայտ գալու սովորություն:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ։
Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Միայն ու միայն ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Միաժամանակ, անհերքելի է, որ միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները, և մենք բարձր ենք գնահատում և կարևորում աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ասվածը, սակայն, որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբեւէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանութեան եղելութիւնը, եւ թող որեւէ մէկը չկարծի, որ որեւէ հայ, Հայաստանի կամ Սփիւռքի որեւէ քաղաքական հոսանք երբեւէ կը դաւաճանի մեր անմեղ զոհերի յիշատակը եւ կը դառնայ Հայոց ցեղասպանութեան մեղսակից։ Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումն է, որ պէտք է կանգնեցնի նոր ոճրագործութիւնները:
Սիրելի հայրենակիցներ,
Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր ժողովրդի անցեալի եւ ապագայի մասին մտորելու ամենապարտադրող պահն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենապատեհ առիթը: Կարեւորագոյն հետեւութիւնը, որ կարելի է անել դրանից, հետեւեալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներն այսօր էլ գոյութիւն ունեն: Ղարաբաղեան երկրորդ պատերազմը դրա վառ ապացոյցն էր: Միայն առաջատար տնտեսութիւն, արդիական անվտանգային եւ քաղաքական համակարգ ունեցող Հայաստանը, որն իր շուրջը կը համախմբի ողջ հայութեանը, կարող է դիմակայել այդ մարտահրաւէրներին»: