5 բուժառու Ստեփանակերտէն տեղափոխուած է Երեւան

2023-02-27
Image

Հայաստան բուժում ստանալու ուղեգրուած 8 բուժառու «Կարմիր խաչի» միջազգային կոմիտէի ուղեկցողներուն հետ վերադարձած է Արցախ, որու  մասին դիմատետրեան էջին յայտնած է Արցախի տեղեկատուական շտաբը։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ատրպէյճանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահութեան նախարարութեան «Հանրապետական բժշկական կեդրոն» ՓԲԸ-ից (Փակ բաժնետիրական ընկերութիւն) ուռուցքային հիւանդութիւններով 5 անձ այսօր՝ փետրուարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտէի միջնորդութեամբ եւ ուղեկցութեամբ տեղափոխուել է ՀՀ մասնագիտացուած բժշկական կեդրոններ։

8 բուժառուներ, ովքեր պետական պատուէրի շրջանակներում ուղեգրուել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

ԱՀ առողջապահութեան նախարարութեան ենթակայութեան տակ գործող բուժհաստատութիւններում շարունակում են դադարեցուած մնալ պլանային (ծրագրային) վիրահատութիւնները։

«Արեւիկ» բուժմիաւորումում 2 երեխայ գտնւում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կեդրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնւում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրայեղ ծանր վիճակում է։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտէի միջնորդութեամբ եւ ուղեկցութեամբ Արցախից Հայաստան է տեղափոխուել ընդհանուր 127 հիւանդ»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ։