Երիտասարդ դաշնակահար հայուհին Վիեննայի մէջ գրաւած է պատուաւոր տեղ
Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստեանը Վիեննայի մէջ տեղի ունեցած VIAF արուեստներու միջազգային մրցում-փառատօնին գրաւած է առաջին տեղը: Աւստրիական այս հեղինակաւոր մրցումը տեղի ունեցաւ 15-էն 21 յուլիս: Կատարողական արուեստ անուանակարգի տակ մասնակցած էին մօտաւոր 50 երաժիշտներ. Հայաստանը կը ներկայացնէր 15 տարեկան Լաուրա Գալստեանը, որու ծրագիրը կ'ընդգրկէր Պեթհովենի, Շոփենի, Լիցթի եւ Ռախմանինոֆի ստեղծագործութիւններէն:
Միջազգային դատական կազմի անդամներէն էին՝ համաշխարհային երաժիշտներ ու մասնագէտներ, ինչպիսին՝ Օլեկ Բոլիանսքին (լեհաստան), Ելենա Դոլսդիխը (Աւստրիա), Բանտելեյմոն Բիստոֆիդիսը (Յունաստան), Ակնեճքա Քապուտը (Լեհաստան), Մաքոփո Նաքան (Ճափոն) եւ ուրիշներ:
Լաուրա Գալստեանը անուանի դաշնակահար, ՀՀ վաստակաւոր արուեստագէտ Հայկ Մելիքեանի սանն է: Ան կ'ուսանի Ա. Սպենդիարեանի անուան երաժշտական դպրոց: Ծնած է 2003 թուականին Երեւան: Աշակերտած է զանազան մասնագէտ ուսուցիչներու: Նուաճած է Միջազգային տարբեր մրցանակներ՝ օրինակ Առօ Պապաճանեանի անուան երիտասարդ դաշնակահարներու միջազգային մրցումին՝ 3-րդ տեղ (2015 Երեւան), Melos միջազգային երաժշտական մրցում՝ առաջին տեղ (2017 Հռոմ, Իտալիա), Feurich միջազգային մրցում՝ երկրորդ տեղ (2018 Վիեննա, Աւստրիա) եւ այլն:
15 Սեպտեմբեր 2019ին, տեղի պիտի ունենայ Լաուրա Գալստեանի մենահամերգը, Կոմիտասի թանգարան-հիմնարկի համերգասրահին մէջ: