«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը Կոչ Կ’ընէ Միջազգային Կառոյցներուն Ջանքեր Գործադրելու Ստեփանակերտի Օդակայանի Գործարկման Ուղղութեամբ
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուներու Խորհուրդը յայտարարութիւն տարածած է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերեալ, որուն մէջ կը նշուի, որ անյապաղ ջանքեր անհրաժեշտ են Ստեփանակերտի օդակայանի գործարկման ուղղութեամբ` օդային ճանապարհով մարդասիրական աջակցութիւն հասցնելու նպատակով:
Յայտարարութիւնը ամբողջութեամբ՝ ստորեւ.
«Դեռեւս 2022թ. Դեկտեմբերի 12-ից Ատրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտօրէն խախտում է Լաչինի միջանցքի` 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած կարգը եւ արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ աշխարհին կապող կեանքի ճանապարհը, գոյութենական լրջագոյն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120.000 հայերի համար: Սրանով Ատրպէյճանն առնուազն բռնի տեղահանութեան հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով ցեղային զտումների յստակ քաղաքականութիւն:
Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մօտ լինել Եւրոպային, սակայն այսօրինակ իր գործողութիւններով կոպտօրէն ոտնահարում եւ արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժէքները:
Լաչինի միջանցքի երկարատեւ շրջափակումը յանգեցրել է ահագնացող մարդասիրական ճգնաժամի, ինչը կարող է վերածուել մարդասիրական աղէտի: Զգալի է դարձել առաջին անհրաժեշտութեան ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչութիւնը զրկուել է ազատ տեղաշարժի իրաւունքից, հազարաւոր մարդիկ, այդ թւում` երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիւ ընտանիքներ ակամայ բաժանուել են` յայտնուելով շրջափակման տարբեր կողմերում:
Ատրպէյճանը պարտաւոր է անյապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը եւ իր իսկ կողմից ստանձնած պարտաւորութիւնների շրջանակում երաշխաւորել այդ կեանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը եւ փոխադրութեան միջոցների ու բեռների երթեւեկութեան անվտանգութիւնը:
Կոչ ենք անում ամբողջ յառաջադէմ մարդկութեանը եւ համապատասխան միջազգային կառոյցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը` կանխարգելելու հնարաւոր նոր ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչութեան բոլոր հիմնարար իրաւունքները:
Միեւնոյն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարին, այլ միջազգային կառոյցներին ու շահագրգիռ պետութիւններին անյապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդակայանի գործարկման ուղղութեամբ եւ երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը հրատապ մարդասիրական աջակցութիւն հասցնելու նպատակով:
Վերահաստատում ենք, որ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը հաւատարիմ է մնում իր առաքելութեանը, որն ամբողջովին հիմնուած է համամարդկային արժէքների ու մարդասիրական սկզբունքների վրայ»: