ՌԱԿ Հանրապետական Վարչության Հաղորդագրություն

2023-11-03
Image

Ռամկավար Ազատական կուսակցության 5-րդ Ընդհանուր Պատգամավորական ժողովը, որն արձանագրեց այսուհետ ՌԱԿ Հայաստան-Սփյուռք գործունեության միասնականությունը, ընդունեց քաղաքական բանաձև՝ կուսակցության առաջիկա գործունեությունը կենտրոնացնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներկա մարտահրավերների հաղթահարման խնդիրների լուծմանը:

Այդ կապակցությամբ կուսակցության Հանրապետական վարչությունը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ և քննարկումներ մի շարք կուսակցությունների, քաղաքական ուժերի և գործիչների հետ, որի շրջանակներում հոկտեմբերի 17-ին արդեն հանդիպում է կայացել ՀԱԿ-ի, (Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Սամվել Աբրահամյան), իսկ հոկտեմբերի 24-ին՝ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ (Էդմոն Մարուքյան, Անի Սամսոնյան):

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկրի ներքաղաքական իրավիճակը, տարածաշրջանային իրադարձությունները և դրանց ազդեցությունները Հայաստանի Հանրապետության վրա:

Մասնակիցների կողմից արդիական և անհրաժեշտ է համարվել քաղաքական ուժերի հետ բաց դռների քաղաքականության ՌԱԿ նախաձեռնությունը:

Այսպիսի քննարկումները, որոնք կլինեն շարունակական, հնարավորություն են տալիս վեր հանել գաղափարական ընդհանրություններ, գտնել հիմնախնդիրների լուծման ընդհանուր ճանապարհներ:

Այս ձևաչափով քննարկումներին մասնակցում էին ՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Հրաչյա Կարապետյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, որոնց ընկերակցում էր ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ` ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Կարադանայանը:

 

ՌԱԿ Հանրապետական վարչության

Մամլո դիվան 

 

25-ը հոկտեմբերի, 2023թ.